1956-1992
Կոնստանտին Օրբելյան


Կոնստանտին Օրբելյան․ ստեղծագործ վառ անհատականություն՝ օժտված կոմպոզիտորի, դաշնակահարի, խմբավարի և կազմակերպչի տաղանդներով: Երաժշտագետ Մարնա Բերկոն, իր <<Կոնստանտին Օրբելյան>> գրքում գրում է. <<Կոնստանտին Օրբելյանն առաջինն էր Հայաստանում ով երևան բերեց ժամանակակից ջազը՝ հատկապես այն ջազը, որն այդ ժամանակ գոյություն ուներ համաշխարհային պրակտիկայում և հազվագյուտ երևույո էր խորհրդային երաժշտության մեջ>>:
Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թվականի հուլիսի 29-ին, Արմավիր քաղաքում: Մանկությունն անցել է Բաքվում, ստալինյան դաժան բռնաճնշումների ժամանակաշրջանում: 1937թվականին 9-ամյա Կոնստանտինը ու ավագ եղբայրը զրկվում են ծնողական խնամքից: Հայրն ու մայրը՝ լինելով կուսակցական պատասխանատու գործիչներ, աքսորվեցին:
Աստվածատուր երաժշտական տաղանդը, ակորդեոն և դաշնամուր նվագելու կարողությունը, տարիքին անհամապատասխան պինդ բնավորուսյունն ու անկախության հպարտ զգացումները, բերեցին տասնմեկամյա երաժշտին իր առաջին աշխատանքին` նա նվագակցում էր Բաքվի <<Բուրեվեստնիկ>> սպորտընկերության մարմնամարզիկներին:


Սկսվեց պատերազմը: 1942թ. Կոնստանտինին վերցրին Բաքվում տեղակայված 8-րդ ավիացիոն կորպուսի ջազ-նվագախումբ` որպես դաշնակահար և ակորդեոնահար: Այդ նվագախումբը համերգներով եկավ Երևան և պատանի Օրբելյանին անմիջապես նկատեցին տեղի երաժիշտներն ու անձամբ Արտեմի Այվազյանը: Պատանի երաժշտին Այվազյանը հրավիրեց աշխատանքի` Հայաստանի ջազում:
Հայաստանի մայրաքաղաք տեղափոխվելը Կ. Օրբելյանի համար նշանակում էր` շփվել հարազատ ժողովրդի մշակույթի հետ: Գիտության ծարավը,արտասովոր տաղանդն ու նպատակին հասնելու կամքը տվեցին իրենց պտուղները: Կ. Օրբելյանը դարձավ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ուսանող: Ավելի ուշ ընդունվեց կոնսերվատորիա: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին նա վերադառնում է էստրադային երաժշտության աշխարհ և ռադիոյում կազմակերպում է Գործիքային կվինտետ:


Եվ ահա 1956 թվական․ ականավոր տարի Օրբելյանի կենսագրության և Հայաստանի էստրադային և ջազային երաժշտության պատմության համար։ Կոնստանտին Օրբելյանը նշանակվում է Հայաստանի պետական էստրադային ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար: Նա ղեկավարեց նվագախումբն ուղիղ 36 տարի:
Դասական երաժշտության բանագավառում ձեռք բերած հաջողությունները կոմպոզիտոորին կանգնեցրին, թերևս, ստեղծագործական ամենալուրջ խնդրի առջև․ որ ժանրին տալ նախապատվությունը՝ դասական, թե էստրադային: Մի հետադարձ հայացք ձգելով Օրբելյանի անցած ստեղծագործական ճանապարհին, վստահորեն կարելի է ասել, որ նա կարողացավ արտահայտվել և' դասական, և' հանրամատչելի ժողովրդական երաժշտության մեջ, և' ջազում: Նրա գրչին են պատկանում « Անմահություն» բալետը, «Տոնական նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար», դաշնամուրային մանրապատկերները, «Ձոն»- ը, դաշնամուրի և կամերային նվագախմբի համար վարիացիաները:
Կ. Օրբելյանը հեղինակել է բազմաթիվ երգեր, որոնք սիրվել են ոչ միայն Հայաստանում, այլև Խորհդային Միությունում և նրա սահմաններից դուրս: Այնպիսի երգեր, ինչպիսիք են` «Արևիկ», «Գալիս ես», «Սերի չի ծերանում», «Կեչիների սոսափը», «Երջանկության հարյուր ժամ» և էլի շատ երգեր, իրենց հաստատուն տեղն են գրավել Հայկական էստրադային երգի ոսկե ֆոնդում:

