Ինչպես կազմավորվեց...
Նվագախումբ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 1938 թվականին՝ դառնալով ԽՍՀՄ առաջին ջազային խմբերից մեկը։ Այսօր այն աշխարհի լավագույն նվագախմբերից է՝ հայտնի իր փայլուն երաժիշտներով և հարուստ նվագացանկով։ Մենք հպարտ ենք մեր գործընկերների շարքում ունենալ ջազային երաժշտության աստղերի (Դի Դի Բրիջուոթեր, Արտուրո Սանդովալ, Ադամ Ռապա, Չիկո Ֆրիման, Ջոն Մարշալ , Ջեմմի Դեվիս, Շերոն Կլարկ, Մայքլ Մեյո, Ռոնալդ Բեյքեր, Իգոր Բուտման և այլք) և բաց ենք տաղանդավոր երիտասարդ երաժիշտների ու կոմպոզիտորների հետ համագործակցության համար։
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես է եկել ավելի քան 6 000 համերգներով, կատարել երաժշտական շրջագայությունների աշխարհի տասնյակ երկրներ և մասնակցել ամենահայտնի միջազգային ջազ փառատոններին։ 2010 թվականից ի վեր նվագախումբը ղեկավարում է սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և գործիքավորող Արմեն Հյուսնունցը։


Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 28-ին:
1984 թ․ - Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և սաքսոֆոնի բաժինները, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաքսոֆոնի դասարան:
1985-1987 թթ․ - Զինվորական ծառայություն Մոսկվայի Պատվոպահակախմբի զինվորական նվագախմբում:
1991 թ․ - Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
1993թ․ - Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։
1987 թ․ - Ակսում է մանկավարժական գործունեությունը:
1988 թ․ - Հրավեր է ստանում հանդես գալու Արտաշես Քարթալյանի ջազ քառյակում։
1988-1989 թթ․ - Հանդես է գալիս որպես մենակատար և առաջատար ալտ սաքսոֆոնահար Հայաստանի պետական ջազ նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
1990 թ․ - Հյուսնունցին հրավիրում են Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախումբ՝ որպես մենակատար և սաքսոֆոնահար։


1998թ. աշխարհահռչակ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը հիմնում է “Armenian Navy Band” խումբը և հրավիրում է Արմեն Հյուսնունցին, ով խմբի հետ բազում ելույթներ է ունենում միջազգային փառատոնների շրջանակներում։
Ջազի հետ մեկտեղ, Ա․ Հյուսնունցը պարբերաբար հանդես է գալիս որպես դասական և ժամանակակից երաժշտության կատարող։ 2000թ. Հյուսնունցը կյանքի է կոչում “ArtaSax” սաքսոֆոնային քառյակը, որի նվագացանկը ներառում է մեծամասամբ դասական ստեղծագործություններ և իհարկե փոխադրումներ, մշակումներ, արված հատուկ քառյակի համար Հյուսնունցի կողմից։ Իր մշակումներով Հյուսնունցը մեծ ներդրում ունեցավ սաքսոֆոնային քառյակի նվագացանկի ընդլայման գործում։
Հետագայում Ա․ Հյուսնունցը շարունակեց և ընդլայնեց մանկավարժական գործունեությունը՝ 2000-2006 թթ դասավանդելով Երևանի Ջազ- Էստրադային Քոլեջում, իսկ 2004-2006 թթ.` Երևանի Պետական Կոնսերվատորիայում:
Սկսած 1997թ-ից, Հյուսնունցը հանդիսանում էր Հայաստանի Պետական Ջազ նվագախմբի մենակատար և երաժշտական ղեկավար։ Ա․Հյուսնունցի դիրիժորական և ինչպես նաև ստեղծագործական վարպետությունը իր գագաթնակետին հասավ, երբ նա 2010թ․ ստանձնեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Հայաստանի Պետական Ջազ նվագախմբի նվագացանկը համալրված է Հյուսնունցի հեղինակային ստեղծագործություններով և գործիքավորումներով:


2010 թ․-ից ի վեր հանդիսանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և խմբավարը։ Նվագախմբի նվագացանկը այլ ստեղծագործությունների շարքում նաև ներառում է Արմեն Հյուսնունցի բազմաթիվ մշակումներն ու սեփական ստեղծագործությունները։
2015 թ․-ից ի վեր դասավանդում է Չայկովսկու անվան պետական երաժշտական դպրոցում և ղեկավարում դպրոցի ջազ նվագախումբը։
Արմեն Հյուսնունցը տարբեր երաժշտախմբերի հետ հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում և Միջին Արևելքում՝ ելույթ ունենալով այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վարդան Օվսեփյանը, Արմեն Դոնելյանը, Տիգրան Համասյանը, Ադրիեն Ֆեռոն, Ջո Զավինուլը, Ռիչարդ Բոնան, Ադամ Ռապան և այլք։ Նաև մասնակցել է մի շարք հռչակավոր միջոցառումների և համերգների, ինչպիսիք են «World Expo 2000»-ն (Հաննովեր, Գերմանիա), «Beyt Hedin» երաժշտական փառատոնը (Լիբանան, 2000թ․), Վիեննայի ջազ փառատոնը (2001թ․), «SKIF» փառատոնը (Հոլանդիա, 2001թ․), «Japan World Expo» (Աիչի, 2005թ․), «Caravan» ջազ փառատոնը (Սիրիա, 2008թ․), Դուբայի ջազ փառատոնը (2008թ․) և «Shanghai World Expo»-ն (2010թ․):
