Ինչպես կազմավորվեց...
Նվագախմբի պատմություն

Հայաստանի պետական ջազ նվագախումբը պաշտոնապես հիմնադրվել է 1938 թվականին, թավջութակահար, երգահան, կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ։ Հայկական նվագախումբը իր գործունեության առաջին իսկ տարիներից վայելել է հանդիսատեսի լայն շրջանակների սերն ու հիացմունքը: Շատ կարճ ժամանակում տաղանդավոր հայ երաժիշտներով համալրված ջազ նվագախումբը լայն ճանաչում է ձեռք բերել նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում, հանդես գալով բազմաթիվ համերգներով և հյուրախաղերով: Վարպետորեն կազմված նվագացանկը, Այվազյանի և մյուս հայ հեղինակների հիանալի երգերը ջերմացրել են հազարավոր ունկնդիրների սրտեր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նվագախումբը բազում ելույթներ է ունեցել ռազմաճակատի ողջ երկայնքով: Այվազյանական նվագախմբի կազմում ընդգրկված էին այնպիսի տաղանդավոր, վառ անուններ, ինչպիսիք են Ցոլակ Վարդազարյանը(շեփոր), Միքայել Խաչատրյանը (շեփոր) և իհարկե Հայաստանում ջազային հարվածային դպրոցի հիմնադիր Ռոբերտ Յոլչյանը: 1956թ.-ից նվագախմբի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնեց փայլուն դաշնակահար, տաղանդավոր կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը, որը ղեկավարեց նվագախումբը 36 տարի անընդմեջ: Օրբելյանի ղեկավարած նվագախումբը ձեռք բերեց արդեն համաշխարհային ճանաչում, նվագախմբի երաժիշտների բարձր կատարողական վարպետությունը, մենակատարների վառ անհատականությունը և իհարկե Օրբելյանի հմուտ ղեկավարությունը էլ ավելի մեծացրին հայկական նվագախմբի համբավը, համաշխարհային ճանաչումը: Նվագախումբը բազմիցս ելույթներով հանդես եկավ թե´ ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, թե´ արտասահմանյան բազում երկրներում ներառյալ Թունիս, Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Լիբանան, Սիրիա և այլն: Իսկ 1975թ. -ին կայացան բացառիկ, շլացուցիչ հյուրախաղեր ԱՄՆ-ում` ջազի հայրենիքում: Լեգենդար մաեստրոյի ղեկավարած նվագախմբում են հանդես եկել և ճանաչում ձեռք բերել բազմաթիվ մենակատարներ և երաժիշտներ, այդ թվում Լարիսա Դոլինան, Իրինա Օտիեվան, Ալլա Պուգաչյովան, Ժակ Դուվալյանը, Սիմոն Տերյանը, Էռնա Յուզբաշյանը, Զառա Տոնիկյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը, և այլն: 1992թ.-ին նվագախմբի գործունեությունը կասեցվեց և դադարեց, պայմանավորված Հայաստանում ճգնաժամային, ծանր սոցիալական և պատերազմական վիճակի հետ:
1997 նվագախումբը վերսկսեց իր գործունեությեունը դաշնակահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ։
Վերաբացված` երիտասարդ տաղանդավոր երաժիշտներից կազմված նվագախումբը համալրեց իր նվագացանկը նոր, ժամանակակից, թարմ գործիքավորումներով և ստեղծագործություններով ։ նվագախումբը կարճ ժամանակի ընթացքում արժանացավ մի քանի միջազգային երաժշտական մրցանակների և ձայնագրեց երեք ձայնապնակ։
2010 թվականին նվագախմբի գեղարվեստական ղեկավարի դիրքը ստանձնեց սաքսոֆոնահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը, որը նվագել էր նվագախմբի կազմում դեռ ուշ 80֊ին Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ և վերաբացումից հետո էլ հանդիսանում էր նվագախմբի մենակատար և երաժշտական ղեկավարը։ վերջին տարիների ընթացքում բազմապատկվել է նվագախմբի նվագացանկը, որի բաղկացուցիչ մասն են կազմում, համաշխարհային ջազային երաժշտության նմուշները և նաև 80 ամյա հայկական ջազը ներկայացնող հեղինակային, օրիգինալ ստեղծագործությունները որոնք գրվել և գործիքավորվել են վերջին 80 տարիներին տարբեր սերդի հայ հեղինակների կողմից։
Այսօր նվագախումբը ներկայացնում է նաև ժամանակակից երիտասարդ հայ հեղինակների ստեղծագործություններ և գործիքավորումներ, որոնք ուշագրավ են իրենց թարմ, ինքնատիպ, ազգային երանգներով լի և բարձրակարգ վարպետությամբ կատարվող հնչողությամբ։
Նվագախմբի ելույթները բացառիկ են դառնում նաև շնորհիվ համագործակցության ինքնատիպ և վառ մենակատարների հետ, որոնք են` Վահագն Հայրապետյան Արտակ Ներսեսյան Ջիվան Գասպարյան կրտսեր Ավագ Մարգարյան և այլն։
Ելույթներին առընթեր նբագախումբը իրականացնում է նաև կրթական ծրագրեր, նպատակ ունենալով հասարակության էլ ավելի լայն շրջանակներ հաղորդակից դարձնել կենսախինդ, հմայիչ և բարձրաճաշակ ջազային երաժշտությանը։
Վերջին տարիներին նվագախումբը փայլուն ելույթներ ունեցավ Ռուսաստանում, Բելոռուսում,ԱՄՆ-ում, Կանադայում,Ֆրանսիայում, Լատվիայում, Լիտվայում:
Նվագախմբի հետ ելույթներով հանդես եկան այնպիսի միջազգային ճանաչում վայելող մենակատարներ, ինչպիսիք են, ԴԻ ԴԻ Բրիջուոթեր, Ադամ Ռապա, Իգոր Բուտման, Հյուբերտ Տաբս, Շերոն Կլարկ, Չիկո Ֆրիման,Արտո Թունջբոյաջյան,Տիգրան Համասյան, Մարիամ Մերաբովա,Սերգեյ Մանուկյան, Մայքլ Մեյո, Արթուրո Սանդովալ, Ջոն Մարշալ, Ջեմմի Դեվիս, Ռոնալդ Բեյքեր, և այլն: Այսօր նվագախումբը փայլում է նաև իր վառ անհատականությամբ և վարպետությամբ աչքի ընկնող երիտասարդ երաժիշտ մենակատարներով:
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գործունեությունը Հայաստանում ջազի զարգացման և խթանման գրավականներից մեկն է:
